շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իմ ցուցումով է հրաժարական տվել. Փաշինյանը Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի հեռանալու մասին

Իմ ցուցումով է հրաժարական տվել. Փաշինյանը Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի հեռանալու մասին

Այո, իմ ցուցումով է եղել, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Այս մասին, այսօր՝  կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականի դիմումին։

Փաշինյանը մասնավորապես, նշեց. «Կա փախստականների վերադարձի թեմա՞։ Ադրբեջանն էլ նույն ձևի նույն թեմաներն է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, բախվելու են իրար դառնա պատերազմ։

Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

ՀՀ–ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառվարությունը և այն պետական պաշտոնյան, որը այդ քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է»։

Ճշտող հարցին՝ այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել, Փաշինյանը պատասխանեց. «Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն»։

Հիշեցնենք, որ երեկ աշխատանքից ազատվել էր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Լուրեր էին տարածվել, որ պատճառը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելն էր։

  • Կիսվել: