կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իմ անունը շահարկվել է՝ գործին հնչեղություն տալու համար․ Տրդատ Սարգսյան

Իմ անունը շահարկվել է՝ գործին հնչեղություն տալու համար․ Տրդատ Սարգսյան

Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայում ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի համար անհասկանալի է իր նախկին օգնական Հարություն Գրիգորյանի վաղաժամ ազատ արձակման շուրջ ստեղծված աժիոտոժն ու դա իր անվան հետ կապելը։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ փետրվարի 7-ին, իշխանական պատգամավորը նշեց, որ 5 տարի սահմանված պատժի 4,5 տարին արդեն անցել էր։ Մնացել էր վեց ամիս և դատարանը պայմանական ազատ է արձակել իր նախկին օգնականին։

Հիշեցնեմ, մոտ 4,5 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը երկար ժամանակ կոմայի մեջ էր, իսկ 2023-ի հուլիսի 27-ին մահացավ։ Նրան ծեծելու համար մեղավոր ճանաչվեց Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը։ Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Ծեծից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց, որոշ ժամանակ անց դարձավ պատգամավոր։

Միջադեպի որոշ մասնակիցներ ցուցմունքներում և առերես հարցաքննություններում պնդել էին, որ փոխգնդապետի ծեծին ականատես է եղել նաև Տրդատ Սարգսյանը։ Հետագայում սուտ մատնության համար քրեական գործ հարուցվեց այն մարդկանց մասով, որոնք պնդում էին, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում։

«Եթե տեսախցիկները չլինեին և իմ տուն մտնեու, դուրս գալու կադրերը, գուցե ավելի խորանար էս պատմությունը»,- ասաց պատգամավորը։ Նա այսօր էլ պնդեց, որ իր անունը շահարկվել է՝ գործին հնչեղություն տալու համար։ Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե փոխգնդապետը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ աստիճաններից է գլորվել, ապա, ըստ Տրդատ Սարգսյանի, ինքն ընդամենը փոխանցել է շտապօգնության ծառայողների ասածը։

Նրանց էլ փոխգնդապետի ընկերներն են ասել։ «էդ գործը, ոնց որ ես եմ նայում, չի գնում ճիշտ ուղղությամբ։ Մոտիվը պետք ա հասկանալ, թե հանցագործությունն ինչու ա կատարվել։ Դատախազությունը չի հասկանում»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։ Տրդատ Սարգսյանի համար դատապարտելի է, որ համազգեստով անձինք հարբած վիճակում կենցաղային վեճ են ունենում քաղաքացու հետ։ Նա նշեց, որ որևէ մեղք չի գործել, որ մեղքը քավի կամ ներողություն խնդրի։

  • Կիսվել: