երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, մենք փնտրում ենք իրական լուծումներ. Զախարովան՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, մենք փնտրում ենք իրական լուծումներ. Զախարովան՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը՝ Բաքվին ու Երևանին կոչ անելով քաղաքական կամք դրսևորել հարցը կարգավորելու համար:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հարցով ՌԴ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և խաղաղապահ զորակազմը մշտական փոխգործակցության մեջ են շահագրգիռ կողմերի հետ, հնարավոր ջանքեր են գործադրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

«Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են ապաէսկալացման կոչեր անելով, Ռուսաստանը «գետնի վրա» փնտրում է իրական լուծումներ և ցուցաբերում մարդասիրական աջակցություն: Կոչ ենք անում Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան: Կոչով դիմում ենք Բաքվին և Երևանին՝ դրսևորելու քաղաքական կամք և լուծելու կողմերի միջև առկա տարաձայնությունները», - ասել է Զախարովան:
 
Նա նշել է, որ վերահաստատում են պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը նախկինում չէր կայացել․
 
«Կարծում ենք՝ պարբերաբար ծագող բարդությունները չպետք է խոչընդոտ, բանակցային գործընթացի «սառեցման» պատճառ դառնան»։

  • Կիսվել: