ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ. Մելքումյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ. Մելքումյանը՝ Փաշինյանի գրառման մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը, որում վերջինս նշել էր, որ Սոտքի հատվածում մեր զինուժը տեղակայված է 2010 թ․ ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում սահմանի այդ հատվածի նկարագրության համաձայն։

Մելքումյանի գրառումը՝ ստորև․

«Երեկ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողն ակնհայտ ցույց տվեց, որ կիլոմետրերով հեռու է ինչպես պետականաշինությունից և պետական մտածողությունից, այնպես էլ՝ այդ պաշտոնին համարժեք տարրական գիտելիքներից:

Ընդհանրապես չարժեր սրանից հետո, որ մենք անդրադառնայինք այդ սուբյեկտի արտահայտած «մտքերին», բայց անհնար է:

Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ:

Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների տարածքների ներքին սահմանները:

Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն:

Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է):

Կան պետություններ, որտեղ սահմանամերձ գոտիների հողերը չեն կարող օտարվել առանց, օրինակ, պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայության համաձայնության:

Ինչևէ: Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել:

Այնպես որ՝ հերթական անգամ մի՛ տարածիր, մեղմ ասած, ապատեղեկատվություն»:

 

  • Կիսվել: