ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի՞նչ է ասել Արսեն Թորոսյանը Վրաստանի կորոնավիրուսային վիճակագրության մասին

Ի՞նչ է ասել Արսեն Թորոսյանը Վրաստանի կորոնավիրուսային վիճակագրության մասին

այկական առցանց տիրույթում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի արձագանքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 22-ին Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը՝ Վրաստանի հակահամաճարակային քաղաքականության վերաբերյալ, գրում է «Փաստերի ստուգման հարթակը»։

Նշենք, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը առողջապահության նախարարին հարցրել էր, թե ինչով է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի վիճակագրության տարբերությունը կորոնավիրուսի վերաբերյալ, և մասնավորապես, ինչու են Վրաստանում օրական գրանցվող դեպքերն անհամեմատ քիչ, քան Հայաստանում։ 

Թորոսյանը, պատասխանելով հարցին, մի շարք պատճառներ և հանգամանքներ էր նշել՝ վարակակիրների հաշվման տարբեր մեթոդաբանություն, ավելի խիստ սահմանափակումներ և այլն։ Սոցցանցերում տարածվեց նաև պնդում, թե Թորոսյանը կասկածի տակ է դրել Վրաստանի կողմից տվյալների ամբողջական և թափանցիկ ներկայացնելը։ 

Մայիսի 23-ին տարածվեց Ամիրան Գամկրելիձենի պատասխանը Արսեն Թորոսյանին։ Նա ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը որակել էր ոչ դիվանագիտական, սակայն, միևնույն ժամանակ, կասկածի տակ առնել այն փաստը, որ Թորոսյանն իսկապես կարող էր նման բան ասած լինել։ «Գամկրելիձեն չի բացառում, որ լրագրողները սխալ են մեջբերել նախարարի խոսքը»,- գրել էր Грузия Online-ը:

Հատկանշական է, որ Թորոսյանի ծավալուն պատասխանը բազմաթիվ կայքեր ներկայացրել են մասնակի՝ շատ հաճախ դուրս թողնելով այն հատվածը, երբ Թորոսյանն ընդունում է, որ Վրաստանում սահմանափակման միջոցառումներն ավելի խիստ են եղել:

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է նախարարի խոսքն ամբողջությամբ՝ հասկանալու, թե իրականում ինչ է ասել  Արսեն Թորոսյանը Վրաստանի կորոնավիրուսային իրավիճակի մասին:

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի խիստ են, այդ թվում` մինչ օրս։ Իրենց մոտ մինչև հիմա սահմանափակումներն ուժի մեջ են: Իհարկե, դա բերում է նաև հետևանքների՝  սկսած, օրինակ, գնաճից… իրական ապրանքների գնաճից և իրենց արտարժույթի ինֆլյացիայով վերջացրած: Բայց կա նաև մեթոդաբանության տարբերություն: Նախ՝ Վրաստանի առողջապահական և հատկապես հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից՝ ոչ լավ իմաստով, իրականում։ Այսինքն՝ մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան մեր հարևան Վրաստանինը: Ես դա չեմ ասում որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստն եմ արձանագրում մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական: Իհարկե, ես հուսով եմ՝ մեր հարևանները բոլորներն էլ կկարողանան իրենց համակարգերը ուժեղացնել, և մենք բոլորս պաշտպանված կլինենք: Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը: Այս երկրները մեզ ինչով են կարևոր, որ հոսքերի առումով շատ խոցելի ենք դառնում իրենց կողմից:

Երկրորդ՝ այո, կա մեթոդաբանության տարբերություն, այդ թվում՝ այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես։ Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են որպես թեստ։ Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ, անկեղծ ասած, դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, բայց հնարավոր է, օրինակ, Վրաստանի արած 40 հազար թեստերը ՊՇՌ թեստերը չլինեն, մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից պրակտիկորեն մենք չենք օգտվում, որովհետև հավաստի և վստահելի չեն»։

Թորոսյանը նաև հարց է բարձրացնում թեստավորված քաղաքացիների մասին. «Արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է  ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվել են, թե՞ ասել են՝ հարգելի  քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանն ու լավացի։ Այդ հարցի պատասխանը չունեմ, անկեղծ ասած, չեմ էլ ուզում ունենալ, մեր խնդիրը չէ։ Կարծում եմ՝ հանրային գործիչներն ու մամուլը հնարավորություն կունենան դա ստուգելու:

Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին: Արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե՞ ոչ։ Մեզ մոտ համարվում է միանշանակ։ Մենք անխտիր գրանցում ենք կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներին որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ։ Միայն առանձին, ոչ կորոնավիրուսով պայմանավորված մահերն են, որ առանձին հաշվառում ենք անում, բայց նորից հաշվառում ենք անում:

Թափանցիկության նման մակարդակ, ես, անկեղծ պետք է ասեմ, որևէ երկրում չգիտեմ»:

Այնուհետև նախարարը հավելել էր իր ունեցած տեղեկությունը՝ որպես թեմա, որի շուրջ կարելի է մտածել. «Ես որպես պատասխան չեմ ասում, այլ որպես ուղղություն, որը պետք է ուսումնասիրել։ Երբ ախտորոշում ենք Վրաստանով  Հայաստան ժամանած, այդ թվում՝ վրացի վարորդներին, ստանում ենք դրական թեստեր ու շատ-շատ մեծ թվով։ Հիմա կարելի է համարել, որ Վրաստանում, օրինակ, օրական 1-2 կամ 6 դեպք է լինում, ու  կարելի է համարել, որ ոչ բոլոր դեպքերն են, որ հաստատվում են և դառնում վիճակագրության մաս։ Այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ: Եկեք ենթադրենք, որ նույնիսկ իրենց մոտ ամեն ինչ տենց լավ է, հիմա իրենք բացելու են իրենց սահմանները ու իրենք պատրաստվում են տուրիստներ ընդունել, արդյո՞ք էդ լավ արդյունքները հարատև պահվելու են, թե՞ չեն պահպանվելու: Պատասխանն ակնհայտ է, ինչպես ակնհայտ է գրեթե բոլոր երկրների դեպքում: Իզոլացված թե՛ կողքի երկրներից, թե՛  երկրի ներսում անընդմեջ հնարավոր չէ: Եվ մենք, մեր որդեգրած սկզբունքին համապատասխան՝ սովորելու սկզբունքին, պետք է սովորենք ապրել կորոնավիրուսային վարակի հետ»։

Այսպիսով, Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը հիմնականում հարցադրումներ է արել երկու երկրներում իրականացվող քայլերի մեթոդաբանության և առողջապահական, հակահամաճարակային համակարգի մասին: Փաստացի, Թորոսյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Վրաստանում կիրառվում են նույն թեստերը, արդյո՞ք բոլոր վարակակիրներն են հայտնաբերվում և ներկայացվում վիճակագրության մեջ։ 

  • Կիսվել: