երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել:

Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի պետական տուրք տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար, մաքսային փորձաքննությունների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի դրույքաչափեր: Պետական տուրքի յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում: Կհստակեցվի պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակը:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ըստ զեկուցողի` առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, միատեսակ վարչարարության իրականացմանը:

Կփոփոխվեն ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերը. դրանք կսահմանվեն ըստ քաշի: Գործող 4 տիպի հայտարարագրերից յուրաքանչյուրի համար կնախատեսվեն առանձին դրույքաչափեր` կախված ապրանքի քաշից: Վերանայվում է մաքսային ուղեկցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը: Լրացուցիչ արտոնությամբ մինչև ապրանքի ժամանումը նախնական տեղեկատվություն ներկայացնող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն երկրի ներսում տարանցման հայտարարագիր լրացնելու համար սահմանված պետական տուրքից:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել և դրական եզրակացություն ստացել «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում առաջարկվող կարգավորումները: Առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական փոփոխություններ են կատարվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Լրամշակված նախաձեռնությունը ևս արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: