երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հյուսիս-Հարավը տնտեսական լուրջ խթան կարող է լինել և՛ մեր երկրի, և՛ տարածաշրջանի զարգացման համար. Սանոսյան (տեսանյութ)

Հյուսիս-Հարավը տնտեսական լուրջ խթան կարող է լինել և՛ մեր երկրի, և՛ տարածաշրջանի զարգացման համար. Սանոսյան (տեսանյութ)

Հայաստանի տարածքում գլոբալ առեւտրային խաչմերուկի ակտուալությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղի ունեցող բախումները փոխում են աշխարհագրությունը, ենթակառուցվածքների բնույթը, ծանրաբեռնվածությունը, նաեւ երկրների զարգացվածության տենդենցներն են փոխում դա: Հնդկաստան բավական արդյունավետ այց ունեցանք, եւ հետեւյալ միտքը կա, որ գնալով աշխարհում ավելանում է Հնդկաստանի դերը, Հնդկաստանից դուրս եկող ապրանքների քանակն է ավելանում, ՀՀ-Հնդկաստան հարաբերություններն են շատ ակտիվ զարգանում, ինչը շատ լավ է: Եւ, այո՛, Հնդկաստան, այնուհետեւ Իրան, Հայաստան եւ դեպի Սեւ ծով, Եվրոպա կամ Ռուսաստան՝ այս ուղին դառնում է ավելի պահանջված, քան նախկինում էր:

Եւ այս ամենի մեջ միակ ափսոսանքս այն է, որ եթե ան ժամանակ մենք սկսել էինք Հյուսիս- Հարավը, կարողանայինք առանց խնդիրների կառուցել, հիմա ավարտած լինեինք, այդ դեպքում շատ ավելի վաղ կսկսեինք այդ ճանապարհի դրական կողմերից օգտվել, քան հիմա, երբ մեզ մի քանի տարի պահանջվում է, մինչեւ ճանապարհը կառուցենք՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք այսօր կա՞ն այն ռիսկերը, որոնք կային նախկինում, եւ որոնց պատճառով էլ հետաձգվեց այդ ճանապարհի կառուցում, Սանոսյանը պատասխանեց, որ ռիսկերը միշտ էլ լինելու են:

՛՛Բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ցանկացած, հատկապես նման կարեւոր ենթակառուցվածք երբ կառուցում ես, դա անպայման կօգտագործվի, այսինքն՝ կգտնի իր շահառուին: Դրա համար մեր նպատակն է համարել, որ սա ռազմավարական կարեւոր ճանապարհ է, տնտեսական լուրջ խթան կարող է լինել ե՛ւ մեր երկրի, ե՛ւ տարածաշրջանի զարգացման համար, փորձենք հնարավորինս արագ կառուցել եւ դառնալ կարեւոր ուղեւորափոխադրման կամ բեռնափոխադրման հոսքեր կլանող հատվածներից մեկը՛՛,-նշեց Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: