Հույս ունենք 2020-2022-ին հասնել համապատասխանաբար 7, 8-9 տոկոս տնտեսական աճի. Փաշինյան
2020 թվականին պլանավորվել են 1 տրիլիոն 602 մլրդ դրամ եկամուտներ, այսօր Ազգային ժողովում մեկնարկած 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման մեկնարկին իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համեմատելով 2018-ի ցուցանիշների հետ, Փաշինյանն ասաց, որ 27.4 տոկոս աճելու են եկամուտները։ Այսպես, նրա ներկայացմամբ, հաջորդ տարվա բյուջեի նախագծով հաջորդ տարի ծախսերը 2018 թվականի համեմատ աճելու են 30 տոկոսով։
Նա հստակեցրեց, որ 2018 թվականի հետ է համեմատում, որովհետև հեղափոխության համատեքստում բյուջեի աճի կոնկրետ ցուցանիշներ է դրել։ «Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք։ Ես այս թվերը տպավորիչ անվանելով՝ շատ մեղմ կգնահատեմ, որովհետև առողջապահության ոլորտում ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում՝ 41 տոկոս աճ, սոցիալական բնագավառում՝ 21 տոկոս աճ։
Վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված։ Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի համեմատ 2020-ին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25.3 տոկոս աճ։ Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ նշել, որ ունենք օրենսդրական կարգավորում, և ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը։ Մենք պետք է մնանք այս շրջանակներում, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ ունենք ռազմական ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են կատարվելու։
Եվ ես հույս ունեմ, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և շոշափելի արդյունքները կմեծացնենք, և այդ արդյունքները կուղղվեն նաև ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով, բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված որոշակի պահպանողական մոտեցում կա։ Դա, ըստ վարչապետի, կառավարության քաղաքական ու տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ավելի ցածր է, բայց այս տարի ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել են, որ կառավարության քաղաքական խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին։ «Եվ այդ մոդելը, ըստ էության, արձանագրված է 2020-2022 թվականների ժամանակահատվածում։
Եվ մենք հույս ունենք այդ ժամանակահատվածում հասնել համապատասխանաբար 7, 8, և 9 տոկոս տնտեսական աճերի։ Սա ես համարում եմ իրատեսական՝ նաև հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք մեր տնտեսության մեջ։ Եթե անկեղծ ասեմ, ես համարում եմ, որ այսօր Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողությունը է, և այդ հեղափոխությունը հիմա արդեն կարելի է տեսնել անզեն աչքով։
ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում։ Թույլ տվեք ասել, որ հիմա ես Հայաստանի տնտեսության զարգացման ու ապագայի վերաբերյալ, որպես ՀՀ վարչապետ, լավատես եմ և վստահ եմ առավել քան երբևէ։ ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որպեսզի ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլև հընթացս արագանա, և մենք հասնենք այնպիսի ցուցանիշների, որ սոցիալ-տնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ, արդյունավետ և ՀՀ բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի»,- հայտարարեց վարչապետը։