շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հուսով ենք, որ ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագրի» դերակատարումը կլինի ոչ պակաս արդյունավետ. «Բալասանյան դաշինք»

Հուսով ենք, որ ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագրի» դերակատարումը կլինի ոչ պակաս արդյունավետ. «Բալասանյան դաշինք»

Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։ «Բալասանյան դաշինք»-ն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«2021թ.-ին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:
 
Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ.-ներին հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորումներ, բազմաբնակարան երեք շենքերի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականցվել, թվով 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկլտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն:
 
«Բալասանյան Դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում:
 
Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:
 
Համաձայն չենք այն տեսակետի հետ, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:
 
Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը՝ ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:
 
Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ:
 
Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: