կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հուսով ենք՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում ժողովուրդների միջև երկարաժամկետ հաշտեցում կլինի. Հունգարիայի ԱԳ նախարար

Հուսով ենք՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում ժողովուրդների միջև երկարաժամկետ հաշտեցում կլինի. Հունգարիայի ԱԳ նախարար

Բուդապեշտը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին: Դրան կարելի է հասնել երկխոսության միջոցով։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում ժողովուրդների միջև երկարաժամկետ հաշտեցում կլինի: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա անդրադարձել է Հարավային Կովկասում կարգավորման գործընթացում տարբեր դերակատարների միջնորդական ջանքերին և ընդգծել, որ Հունգարիան և եվրոպական այլ երկրներ թույլ չեն տա Եվրամիությանը տարածաշրջանում այնպիսի գործունեություն ծավալել, որը կվնասի առանց այն էլ փխրուն իրավիճակը:

Սիյարտոյի խոսքով՝ Հունգարիան շահագրգռված է Արևելք-Արևմուտք գործակցության զարգացմամբ:

՛՛Կենտրոնական Ասիան կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև: Ադրբեջանը շատ կարևոր դեր է խաղում նման գործակցության շրջանակում, այդ երկիրն առաջատար ուժ է տարածաշրջանում՝ Եվրոպա էներգակիրների անվտանգ մատակարարման առումով՛՛,-ասել է նա և համոզմունք հայտնել, որ տարածաշրջանում հնարավորինս շատ միջանցքներ պետք է բացվեն՝ նպաստելու առևտրատնտեսական գործակցությանը։

Բացի այդ՝ Սիյարտոն նաև դատապարտել է եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Կիևին, քանի որ, պաշտոնյայի խոսքով, ռազմական գործողությունների ճանապարհով խաղաղություն չի կարող հաստատվել:

  • Կիսվել: