կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է, դա է արտահերթ ընտրությունների՝ ամենաարագ կազմակերպվող ժամկետը․ Մարուքյան

Հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է, դա է արտահերթ ընտրությունների՝ ամենաարագ կազմակերպվող ժամկետը․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԼՀԿ-ն իրականում չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Նշենք՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե «ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը՝ իր դիրքը կարևորելու համար»։

«ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի՝ ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների՝ նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- ասաց Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է լինել արտահերթ ընտրությունների օրակարգը:

«Եթե մինչև հունիսի 1-ը կազմակերպվեն խորհրդանշական ընտրություններ, ԼՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի առաջադրի վարչապետի թեկնածու, որևէ ձևով չի խոչընդոտի, անգամ՝ եթե որևէ այլ խմբակցություն վարչապետի թեկնածու առաջադրի, չի ընտրի, միայն թե՝ ԱԺ-ն լուծարվի ու գնանք արտահերթ ընտրությունների»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանության առաջ իրենց դրած միակ պայմանը եղել է դա:

«Հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է, դա է արտահերթ ընտրությունների՝ ամենաարագ կազմակերպվող ժամկետը»,- մանրամասնեց Մարուքյանը: Իսկ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն աշնանը, ըստ Մարուքյանի, ԼՀԿ-ն դեռ չունի որոշում:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունները գործո՞ղ Ընտրական օրենսգրքով, թե՞ նոր օրենքով անցկացնելուն, Մարուքյանն ասաց, թե իշխանությունները ցանկանում են փոխել և անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:

«Մենք ասել ենք՝ քանի որ քաղաքական ուժերի մեծ մասի էլիտաները Երևանից են, Երևանում բնակվող մարդիկ, մարզային ներկայացվածությունը դուրս կմնա, կդառնա Երևանի պառլամենտ: Հետևաբար, մնացել է գործող ռեյտինգային համակարգը: Երբ դեկտեմբերին մեզ առաջարկվում էր արտահերթ ընտրություններ, առաջարկվել է գործող օրենսգրքով: Հիմա, կա՛մ մենք գործող օրենսգրքով ենք գնում, կա՛մ եթե իրենք ուզում են իրենց գրած օրենսգրքով գնալ, պետք է իրենք քվեարկեն, ընդունեն ուզած օրենքը, նոր գնան արտահերթ ընտրությունների՝ չակընկալելով, որ ընդդիմությունը կողմ քվեարկի նախագծի, որին դեմ է»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք մինչև հունիսի 1-ը պատրաստ են մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած ընտրական օրենսգրքով:

«Այս ընտրությունները մեզ, ԲՀԿ-ին կամ չգիտեմ ում՝ պետք չեն: Այս ընտրությունները պետք են իշխանություններին, որ վերահաստատեն իրենց մանդատը, եթե ունեն երկիր ղեկավարելու մանդատ, կամ չվերահաստատի և հեռանա: Նման ճգնաժամային վիճակներում ընտրությունները պետք են իշխանություններին»,- ասաց Մարուքյանը

 

  • Կիսվել: