շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նախորդ ղեկավարության թույլ տված քաղաքական սխալի սրբագրումն է. Գուրգեն Արսենյան

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նախորդ ղեկավարության թույլ տված քաղաքական սխալի սրբագրումն է. Գուրգեն Արսենյան

Ազգային ժողովում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին դրական եզրակացություն ստացավ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սարգիս Խանդարյանը նշեց, որ վերջերս Հայաստանը և Հունգարիան փոխադարձաբար դեսպաններ նշանակելով վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Նա հայտնեց, որ Հունգարիայի խորհրդարանում արդեն ձևավորվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբը։

Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տարի Հունգարիայի ջանքերով ռազմագերիներ են վերադարձվել: Նա նկատեց, որ Հունգարիան ԵՄ անդամ է, և պետք է  կարողանանք կառուցել կառուցողական հարաբերություններ ԵՄ  անդամ երկրների  հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գուրգեն Արսենյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ դիվանագիտական խզումը պայմանավորված էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու  հանգամանքով:

Գուրգեն Արսենյանը նշեց, որ այն ժամանակ ևս կտրուկ դժգոհություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների խզման համար, քանի որ ի՞նչ կապ ունի Հունգարիայի  ժողովուրդը իր ղեկավարի  ընդունած որոշման պատասխանատվության հետ: «Ես այն ժամանակ դա դիտարկում էի որպես պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսևորում: Ես կարծում եմ, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը՝ դա նախորդ ղեկավարության կողմից քաղաքական և պետական գործչի կողմից թույլ տրված սխալի սրբագրում է»,- ասաց նա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Պերու բարեկամական խմբերի ստեղծմանը:

  • Կիսվել: