հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հռոմի ստատուտի թեմայով զանգել եմ ՌԴ նախագահին. տպավորություն կար, որ փոխըմբռնում կա. Փաշինյան

Հռոմի ստատուտի թեմայով զանգել եմ ՌԴ նախագահին. տպավորություն կար, որ փոխըմբռնում կա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ Արևմուտքի հետ հարաբերությունների` Ռուսաստանի կողմից ընկալման նրբություններին, ինչպես նաև խոսեց Հռոմի ստատուտի վավերացման մասին:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. «Ընկալման հետ կապված՝ ես ընդունում եմ, որ կա պրոբլեմ, որովհետև տեսեք` ի՛նչ տեղի ունեցավ Հռոմի ստատուտի հետ կապված: Մենք 2020թ. սեպտեմբերից հետո, երբ տեսանք, որ մեր համակարգերը չեն գործում, սկսեցինք փնտրել, թե էլ ինչ գործոններ կան, որոնք կարող են նպաստել մեր անվտանգության ապահովմանը: Եվ տեսանք, որ ունենք ստորագրած Հռոմի ստատուտ, որն, իմիջիայլոց, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստորագրել է: Եվ մենք տեսանք նաև, որ ժամանակին Սահմանադրական դատարանը դա Սահմանադրությանը հակասող է ճանաչել, բայց հաշվի առնելով փաստը, որ այդ որոշումից հետո երկու անգամ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել, որոշեցինք նորից դիմել Սահմանադրական դատարան, դա 2022թ. դեկտեմբերին էր»:

Փաշինյանը հիշեցրեց` ՀՀ օրենսդրությամբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացներ երեք ամսվա ընթացքում: Եվ Սահմանադրական դատարանի երեք ամիսը լրացավ այն ժամանակ, երբ Միջազգային քրեական դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի: Նա շեշտեց, որ դա նույն օրերին է տեղի ունեցել:

«Թվում է, թե ակնհայտ համընկնում է, չէ՞, բայց տեսեք՝ Հաագայի դատարանը կայացնում է որոշում, հաջորդ օրը, թե երկու օր հետո Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է իր որոշումը, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը:

Հիմա եկեք կողքի հայացքից նայենք, ասենք` փաստորեն այնտեղ որոշում կայացրին… Այստեղ պարզ է, բայց նա, ով պրոցեսը գիտի խորքից, որ Կառավարությունը 2022թ. դեկտեմբերին է այդ որոշումը կայացրել, և Ռուսաստանի Դաշնությունից այդ կապակցությամբ մենք որևէ պրոբլեմ չենք ունեցել, որևէ ազդակ չենք ունեցել, որ սա կարող է պրոբլեմ դառնալ... Մենք ազդակ ունեցել ենք այն պահին, երբ արդեն գնացքը շարժված է եղել, և այդ գնացքը անխուսափելիորեն պետք է տեղ հասներ: Եվ ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ: Ավելին՝ մենք նույն իրավակարգավորումը, ինչ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նույն իրավակարգավորումն առաջարկել ենք ունենալ նաև Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասաց նա:

Ի՞նչն է իրավակարգավորման իմաստը. այս հարցին ի պատասխան` վարչապետը նշեց.

«Մենք Միացյալ Նահանգների հետ ունենք համաձայնագիր, որ այդ միջազգային իրավական պրոցեսներում ֆիքսված հարաբերությունները չեն ազդում մեր երկկողմ հարաբերությունների վրա: Եվ իմիջիայլոց, Հռոմի կանոնադրությունն այդ հնարավորությունը տալիս է, ինքն ասում է, որ կարող ես լինել այդ օրգանիզմի հետ օրգանի անդամ, բայց դու երկրների հետ կարող ես պայմանավորվել նախօրոք, թե հետո, էական չէ, կարող ես պայմանավորվել, որ ձեր հարաբերություններն այլ կերպ են կարգավորվում: Մենք՝ որպես գործընկեր, կարծում եմ շատ ազնիվ ենք: Ի միջի այլոց՝ այդ թեմայով ես զանգել եմ դեռևս մարտին, ինքս նախաձեռնել եմ, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասել եմ՝ հասկանում եմ, որ համընկնումներն առաջին հայացքից ցցուն են, բայց պրոցեսն այս է, և դա ստուգելի է»:

Փաշինյանը նշեց` հեռախոսազանգից իր տպավորությունը եղել է այն, որ ըմբռնում կա, և շարունակել են գործընթացը:

  • Կիսվել: