շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հռոմ-Երևան ավիատոմս՝ սկսած 11 հազար դրամից. WizzAir-ը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր

Հռոմ-Երևան ավիատոմս՝ սկսած 11 հազար դրամից. WizzAir-ը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր

Հունգարական WizzAir բյուջետային ավիաընկերությունը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր Հռոմ (Ֆիումիչինո)-Երևան-Հռոմ (Ֆիումիչինո) երթուղով:

Ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել շաբաթական 2 չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Իսկ մեկ ուղղության ավիատոմսի արժեքը կկազմի 19.99 եվրոյից կամ 11 հազար դրամից սկսած:

Նշենք, որ հունգարական այս ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մտնելու մասին լուրը հայտնի դարձավ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին: Նույն տարում գործող իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին նաեւ մյուս՝ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին: Հանրությանը խոստացան, որ ավիատոմսերը արժենալու են 35 եվրո, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ 35 եվրոյին համարժեք տոմս քաղաքացիներն այդպես էլ չճկարողացան գտնել: Այն ավելի թանկ էր։

Բայց սա դեռ ամենը չէ. բյուջետային այս ավիաընկերությունների գալը սկսեց մտահոգել ավիացիոն ոլորտի մասնագետներին: Նրանց կարծիքով, ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացնում նորստեղծվելիք ընկերությունների համար:

Սրան զուգահեռ, արձանագրենք, որ լոու-քոսթերները սովորական ավիաընկերություններից տարբերվում են տոմսերի ցածր գներով, սակայն զգալի սահմանափակումներով եւ ցածրորակ սպասարկմամբ: Սովորաբար լոու-քոսթերները փորձում են հնարավորինս քիչ ժամանակ կանգնել, վայրէջք են կատարում, վերցնում նոր ուղեւորների եւ անմիջապես օդ բարձրանում: Բացի այդ` եթե ճանապարհորդեք ձեր ընտանիքի անդամի հետ, ապա իրար կողք նստելու համար պետք է վճարեք, գրում է Armlur.am-ը։

  • Կիսվել: