շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. Գեղամ Մանուկյան

ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. Գեղամ Մանուկյան

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. ՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշելու, թե, օրինակ, ինչպես է լուսաբանվում Ազգային ժողովի նիստը։ Ազգային ժողովի իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականություններն են հետևել այն փաթեթով, որով լիցենզիա են ստացել հեռուստաընկերությունները, այդ պարտականությունների կատարմանը, համապատասխանությանը և որպեսզի հեռուստաընկերություններն իրենց եթերային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության օրենքները չխախտեն, կարմիր գծերը չանցնեն։ Մնացած բոլորի հետ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապ չունի։ ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի։ Ազգային ժողովի նիստը ինչպես է լուսաբանում հեռուստատեսությունը՝ ՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշել»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովում երկու օր քննարկվում է լեզվական մշակույթի, մշակույթի քարոզչության մասին, բայց ՀՌԱՀ-ն այդ գործառույթները իրականացնելու իրավունքը չունի։

«Հայ հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք՝ երկու օր լսելուց հետո մարդը կմտածի, որ վաղվանից սերիալները և անճաշակ հաղորդումները արգելելու են, առավոտվանից մինչև գիշեր դասական երաժշտություն է հեռարձակվելու կամ հեռուստաալիքներին ստիպելու են գիտակրթական, մշակութային հաղորդումներ լուսաբանել։ Ո՛չ, ամեն հեռուստաընկերություն վերցրել է իր վրա պարտականություն և այդ պարտականությունների շրջանակներում գործում է»,- նշեց Մանուկյանը։

  • Կիսվել: