հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հոկտեմբերի 27»-ի գործը հիմա օգտագործվում է ճիշտ այնպես, ինչպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ. Վազգեն Մանուկյան

«Հոկտեմբերի 27»-ի գործը հիմա օգտագործվում է ճիշտ այնպես, ինչպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ. Վազգեն Մանուկյան

Այսքան բզկտվածություն ես երբեք չէի տեսել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց. «Համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները փոխվել են, ժողովուրդների ու պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են, սկսվել են առևտրական պատերազմներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի միջև, Եվրոպայի ներսում մեծ փոփոխություններ են: Տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են, Ռուսաստանի դերակատարումն այս տարածաշրջանում կտրուկ բարձրացել է, նոր հարաբերություններ են ստեղծվել՝ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա-Իրան: Աշխարհը մտնում է նոր փուլ, և թվում է, որ մենք պետք է դրա վրա կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև նոր մարտահրավերներ են ստեղծվում:

Իսկ ինչ է կատարվում Հայաստանում. ես երբեք մեր հասարակությունն այսքան բզկտված չէի տեսել: Իրար նկատմամբ թույնով լցված, արժեքավոր մարդկանց նկատմամբ քայլերով: Օրինակ, Արա Բաբլոյանի դեմ այդ գործը, որ հարուցել են, ուղղակի զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը, որով մենք հպարտանում ենք աշխարհում, մեկ էլ ինչ-որ ստորակետ սխալ կամ ճիշտ է դրել, դրա պատճառով նրա դեմ քրգործ են բացում: Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար արժեքավոր, մեծ ջանքերով մեծ արդյունքների հասած մարդկանց»:

Վազգեն Մանուկյանը հավելեց. «Իհարկե, կարելի է իրավիճակը լավացնել, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել իրենց վարած քաղաքականությունից, ազատվել հեղափոխական փրփուրից: Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, անարժան մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»:

Անդրադառնալով նրան, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել վարչապետին` իրեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու համար, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես հիմա «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը չեմ քննարկելու: Քննարկել այդ դեպքերը դա հենց այն խաղն է, որի մեջ պարտադրում են մեր ժողովրդին մտցնել: «Հոկտեմբերի 27»-ի գործը հիմա օգտագործվում է ճիշտ այնպես, ինչպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ, երբ դրա հետևանքով սկսում են վերացնել և ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին: Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա կարող էր մտնել բանտ, խոսել, հետո դուրս գալ և նման հայտարարություններ անել:

Վազգեն Մանուկյանի խոսքով` եթե իշխանությունը հարց ունի «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված, կարող են վերանայեն գործը. «Բոլորս անհամբեր կսպասենք, թե ինչով դա կվերջանա: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս մեջ նայելով հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական միտքը»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ ինքը ծանոթ է եղել Նաիրի Հունանյանի հետ, ՀԽ նախագահը պարզաբանեց. «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թվականի շարժման ժամանակ, որովհետև ես Ղարաբաղ կոմիտեն էի ներկայացնում, ինքը ուսանողական շարժումը: Այդ ժամանակ հանդիպել ենք: Դրանից շատ ժամանակ հետո ինքը եկել է մեր ԱԺՄ կուսակցություն, ուզել է անդամակցել, մենք որոշել ենք, որ չարժե, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ: Դրանից հետո ես որևէ առնչություն նրա հետ չեմ ունեցել: Մեր տանը նա երբեք չի եղել: Այդ ամենը հորինված է և իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ»:

Դիտարկմանը, թե Հանրային խորհրդի նախագահը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի, իսկ ինքը պարբերաբար քաղաքական սուր հայտարարություններով և քննադատություններով է հանդես գալիս, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Ես, այո սուր ելույթներ եմ ունենում, բայց նաև խորհուրդներ եմ տալիս իշխանություններին, թե ինչ պետք է անել: Երբեմն ասում են՝ մինչև ապրիլ չեն կարող ինձ հանել, բայց դա կապ չունի` ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, ես նույն պահին դուրս կգամ»:

  • Կիսվել: