ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնարավոր է, որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան. Factor.am

Հնարավոր է, որ Իսրայելը 2-3 օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան. Factor.am

Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում ասել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ նշելով, որ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել:

 

«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր ուղիներն օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասել է նա:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

 

  • Կիսվել: