երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հնարավոր է` արդարադատության նախարար ՔՊ-ից դուրս էլ փնտրեն. Սիմոնյանը` թեկնածուների մասին

Հնարավոր է` արդարադատության նախարար ՔՊ-ից դուրս էլ փնտրեն. Սիմոնյանը` թեկնածուների մասին

Երեկ և այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նա չցանկացավ փակագծեր բացել և անուններ հրապարակել։
 
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սկզբունքային է, որ թեկնածուն լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Սիմոնյանը նշեց՝ այդ հարցն էլ պետք է վերանայել։
 
«Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- ասաց նա։
 
Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի հաջողվում ՔՊ վարչության նիստերում թեկնածու հաստատել։ Սիմոնյանի խոսքով՝ ներկայացված թեկնածուների մոտ 80 տոկոսը գալիս են և հայտարարում, որ գոհ են իրենց զբաղեցրած պաշտոնից և ուզում են շարունակել իրենց աշխատանքը։ Նա հավելեց, որ, միևնույնն է, վարչության նիստերում քննարկում են բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից՝ իրենց համաձայնությունը տվել են, թե ոչ։
 
«Մարդուն տանում, մի տեղ նշանակում ես, ինքը 1 ամիս կամ մեկ տարի աշխատում է, հետո դու իրեն պոկում ես, բերում այլ տեղ: Մենք սխալ բան ենք արել, քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից այդ մարդն իր համաձայնությունը տվե՞լ է, թե չի տվել: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա:
 

Սիմոնյանը հստակեցրեց՝ թեկնածուները ոչ թե չեն ցանկանում լինել նախարար, որովհետև իրենք լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում, իրենք էլ ցանկանում են ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Նա վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում իրենք արդեն կունենան թեկնածու և որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՔՊ-ում կադրերի սով կա, դրա համար են նաև կուսակցությունից դուրս թեկնածու փնտրում, Սիմոնյանը նշեց՝ մարդկանց ռեսուրսների սով կա բոլոր բնագավառներում, նույնիսկ փոքրիկ ձեռնարկություններում, իսկ հիմա խոսքն այնպիսի պատասխանատու ոլորտի մասին է, ինչպիսին է արդարադատությունը։
 
«Եթե խաղաղության պայմանագրի դիտանկյունից ենք նայում, ակնհայտ է, որ պետք է մի մասնագետ լինի, որ նաև այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- նշեց Սիմոնյանը։
Նա հավելեց՝ իր կարծիքով պարտադիր պայման է, որ նախարարն իրավաբանի կրթություն ունենա։

  • Կիսվել: