կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հիմնանորոգվում է Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզով անցնող Տ-3-76, Զարթոնք-Արտաշար /Տ-3-54/ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածը։ Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, շինարարությունը կատարում է «Էն շին» ընկերությունը։ Տեխհսկողությունն իրականացնում է «Քարազարթ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։ Շինարարի, տեխհսկողի և տեղական իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են կատարվող աշխատանքները, շեշտադրվել դրանք որակով իրականացնելու հարցը։

Նշենք, որ այս պահին կատարվում են հողային, մայթերի կառուցման աշխատանքներ, մեկնարկել են ճանապարհային պատվածքի ներքին շերտերի տեղադրման աշխատանքները, մոտ 700 մ հատվածում արդեն տեղադրվել է մեկ շերտ ասֆալտբետոնե պատվածք։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։

Տեղական նշանակության 2.1 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 305 մլն դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի վերջ։

Զարթոնքի բնակիչ Գևորգ Կարախանյանը նշում է, որ չի էլ հիշում, թե այս ճանապարհը վերջին անգամ երբ էր հիմնանորոգվել։ Այն խիստ քայքայված էր, ամբողջ օրը փոշու մեջ էին, անբարեկարգ ճանապարհը մեծ վնասներ էր հասցնում իրենց։ Ըստ նրա՝ նորոգվող ճանապարհը մեծ խնդիրներ կլուծի իրենց համար, գյուղը տեսքի կգա, հանգիստ կերթևեկեն, փոշուց ու կեղտից էլ կազատվեն։

Տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Ռուբիկ Մելքոնյանը, խոսելով աշխատանքների որակի մասին, նկատում է, որ շինարարության ընթացքում կատարվում է որակի հսկողություն, կատարված աշխատանքները նորմատիվներին համապատասխանում են: Ըստ նրա՝ հիմնանորոգված ճանապարհը կծառայի նվազագույնը 10-15 տարի:

  • Կիսվել: