երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում համարվում են առաջատար. Ալեքսանյան

Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում համարվում են առաջատար. Ալեքսանյան

Նունիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ բարձր, շատ ավելի բարձր է մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեզ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ, օրինակ, դեռ օգտագործման և ծառայության մեջ էին 1930-ականներին արտադրված ԿՍ-19 հրանոթներ: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցին, թե՝ գնահատեք ՀՀ-ի այսօրվա ռազմական պոտենցիալը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի հետ՝ հաշվի առնելով, թե ինչքան զինամթերքի կորուստ ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց նաև խնդրեց, որ հաշվարկի մեջ չմտցվեն «ՍՈւ» ինքնաթիռները, որոնք թանկ գնվեցին, բայց օդ չբարձրացան:

Ալեքսանյանը, մասնավորապես, ասաց. «Հիմա մենք ունենք և ցուցադրել ենք հրետանային համակարգեր, որոնք ունեն, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում: Տոննայով զենքի մասին չէ խոսքը: Այո՛, կարող եք ասել՝ զինամթերքի կորուստ է եղել, սա է եղել, նա է եղել, բայց խնդիրը գիտե՞ք, թե որն է, որ հիմա դարը փոխվել է, և հիմա այդքան քանակը չի էական, ինչքան որակը:

Այսօրվա դրությամբ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ 5000 տանկ ունենալը շատ բան չի երաշխավորում պատերազմի դաշտում, տեխնոլոգիան է առաջնային հիմիկվա բանակում:

Ես լիահույս եմ, որ այն տեմպը, որն ունենք հիմա մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու առումով, այդ տեմպը կշարունակվի, բայց «ՍՈՒ»-երը չենք կարող հանել հաշվարկից: Ինչո՞ւ, որովհետև այդ «ՍՈՒ»-երը հիմա կան, սպառազինված են, «օդ-օդ» տեսակի հրթիռներով՝ ևս, և ամեն ինչ նորմալ է հրթիռների հետ»:

  • Կիսվել: