հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հիմա մեր ներդրողները կարճաժամկետ են մտածում, օրինակ 10 տարվա պրոյեկտներ շատ քիչ կան. Վահան Քերոբյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին

Հիմա մեր ներդրողները կարճաժամկետ են մտածում, օրինակ 10 տարվա պրոյեկտներ շատ քիչ կան. Վահան Քերոբյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն, որ հաստատվի երկարատև խաղաղություն՝ Հայաստանի համար ընդունելի պայմաններով, որպեսզի մենք կարողանանք մտածել երկարաժամկետ աշխատանքի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Շատ ցավում եմ մեր զոհված տղաների ու ընկերների համար, ցավակցում եմ նրանց ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին, բայց պետք է հաշվի առնել, որ նման կոնֆլիկտներ եղել են նախորդ 30 տարիներին անընդհատ, բայց թուրքական ապրանքների համար մեր սահմանները բաց են եղել: 

Հիմա մեր ներդրողները կարճաժամկետ են մտածում, օրինակ 10 տարվա պրոյեկտներ շատ քիչ կան: Եթե օրինակ, նայեք Շվեյցարիային, որտեղ 600 տարի ոչ մի պատերազմ չի եղել՝ այնտեղ կարող եք տեսնել, թե մարդիկ ինչ երկարաժամկետ նախագծեր են անում և ինչ արդյունքներ են ունենում։ Երբ մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին՝ պետք է նկատի ունենանք, որ խաղաղությունը ունի շատ մեծ գին: Այդ խաղաղության բացակայության գինը հայ ժողովուրդը 30 տարի վճարել է: Դրա պատճառով է, որ մենք ահռելի խնդիրներ ունենք կրթության, առողջապահության մեջ, այդ խաղաղության բացակայության պատճառով Հայաստանը հնարավորություն չի ունեցել զարգանալ այնպես, ինչպես մրցակից այլ պետությունները, որտեղ երկրաժամկետ խաղաղություն է եղել: Այս անհավասարությունն ուղղելու համար մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար անհրաժեշտ պայման է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»:

Նրա խոսքով՝ երբ կառավարությունը որոշում կայացրեց, որ թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները պետք է հանվեն՝ առաջնորդվեց քաղաքական նկատառումներով: 

«Որպես տնտեսության համար պատասխանատու մարմին՝ մենք պետք է ուշի ուշով հետևենք և պաշտպանենք բոլոր այն ընկերություններին, որոնք բացվել են վերջին 1 տարվա ընթացքում : Մենք պետք է այնպես անենք, որ այդ ընկերությունների կայացումը չվտանգենք, որպեսզի նրանք կրկին դուրս չգան շուկայից: Մենք հետևելու ենք իրավիճակին, եթե զգանք, որ խնդիրներ կան և նման ներդրողների բիզնեսները վտանգված են, որ դրանք չեն կայացել այնքան, որ կարողանան մրցակցել թուրքական ապրանքների հետ՝ մենք անպայման որոշ ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք իրենց»:

  • Կիսվել: