չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոլանդ Օլիֆանթին

Հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոլանդ Օլիֆանթին

Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են, The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ եվրոպական բոլոր երկրներում կան շատ խորը մտահոգություններ: Ես մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, և մենք ինչպես դռնբաց, այնպես էլ դռնփակ ֆորմատներով քննարկումներ ենք անում միջազգային իրադրության վերաբերյալ: Ես այսօր  աշխարհում չգիտեմ մի պետություն, համենայնդեպս՝ այն պետությունները, որոնց ղեկավարների հետ ես շփվում եմ, որն իր անվտանգության հետ կապված խորը մտահոգություններ չունենա:

Ես սա ինչի՞ համար եմ ասում: Նախ՝ երկու բան: Ես չեմ ուզում, որ այս զրույցից տպավորություն ստացվի, թե Հայաստանում անվտանգության մարտահրավերներն էականորեն ավելի կրիտիկական են, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Բայց մյուս կողմից՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը չի գիտակցում, թե Հայաստանի անվտանգության մարտահրավերներն ինչքան կրիտիկական են: Հասկանո՞ւմ եք:

Տեսեք, ես եվրոպական շատ երկրների ղեկավարների հետ եմ շփվում և ոչ միայն եվրոպական: Բոլոր երկրներում այդ անվտանգային մարտահրավերները կան, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն առավոտ ինչ տեղի կունենա կամ այսօր գիշեր: Սա է ժամանակակից աշխարհի ամբողջ տրամաբանությունը: Եվ եթե մենք վերցնում ենք նաև գլոբալիզացիան, որ աշխարհը շատ փոքրացել է. տեսեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, Ուկրաինայում ինչ է կատարվում, Իսրայելում ինչ է կատարվում, մեր մոտակա ծովային ավազաններում ինչ է կատարվում և այլն: Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են:

Երկրորդը՝ Ձեր ասած մարտահրավերները. և սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև հիմա և վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա: Այս իմաստով, համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել: Մինչդեռ բազմաթիվ երկրներ վստահ չեն, որ այդքան ապահով են զգում իրենց:

Ինչի՞ համար եմ ես այսպես արձագանքում Ձեզ: Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք. շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունն, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի վրա, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը կարծում եմ՝ վատ չէ»։

 

  • Կիսվել: