չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հիմա առավել ևս շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքները և մղումները. Փաշինյան

Հիմա առավել ևս շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքները և մղումները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ իշխանությունը բավարար ուշադրությամբ չի լսել ժողովրդի ուղերձը, որով նա խաղաղությունն էր պատվիրում քաղաքական գործիչներին:

Այս մասին Փաշինյանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի փետրվարի 10-ին Աշտարակում տեղի ունեցած նիստում՝ անդրադառնալով ՀՀ հարատևման և անվտանգային ապահովման համար անհրաժեշտ անելիքներին:

«Մենք մեղավոր ենք միայն մի բանում, որն առաջին անգամ հրապարակային պիտի ասեմ. եթե մենք հանցանք ենք գործել, մեր հանցանքը եղել է հետևյալը, որ մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել, որովհետև վերջին 20 տարում, ընդդիմության կարգավիճակում, թե՝ իշխանության, թե նույնիսկ քաղաքական գործունեությամբ չզբաղվողի կարգավիճակում, ում տեսել ենք, որ տունը, օջախը մտել ենք, մի կտոր հաց կիսել ենք, թե չենք կիսել, ապա այդ սեղանի  շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ըստ այդմ, պետք է հստակ լիներ, որ դա ժողովրդի ուղերձն է, որը իշխանության, կառավարության գործատուն է և պատվիրում է, թե ինչ պետք է անի կառավարությունը:

«Եվ, եթե մենք մեր ժողովրդի հետ բավարար չափով կապված լինեինք, հասկանայինք նրան, մենք կհասկանայինք, որ նա այդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց: Մեր հանցանքն այն է, որ մենք այդ ուղերձը չենք ընկալել բավարար խորությամբ, և, երկրորդը՝ այդ ուղերձը չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու, որ մենք հասկացանք, որ դուք խաղաղություն եք պատվիրում մեզ»,- համոզմունք է հայտնել նա՝ շեշտելով, որ  իշխող, կառավարող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը և այն հաղթահարելու կամ  դուրս գալու ուղիներն ու այդ ճանապարհի ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր մեխանիզմները, գործիքները ցույց տալ՝ ձևավորելով հանրային համաձայնություն:

Վարչապետի գնահատմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ՀՀ-ի շուրջ  իրողությունը նման է ականապատ դաշտի, որից դուրս գալու ելքերն այնքան էլ շատ չեն և, կարող է պարզվել նույնիսկ, որ միայն մեկ ճանապարհ կա:

Փաշինյանը հայտարարել է, որ մինչ այժմ կառավարությունը դրա մասին չի խոսել նաև այն պատճառով, որ նախ վստահելի չի համարել խաղաղության հասնելու այդ ճանապարհը և սոցիալ-հոգեբանական առումով չի համակերպվել այդ իրողության հետ:

Վարչապետը նկատում է, որ շատ են պատահում դեպքեր, երբ ամենատարբեր տարածքների վերաբերյալ տարբեր պատմություններ, նախապատմություններ կան, բայց կյանքը, հանգամանքներն ի վերջո, բերում են մի կետի, երբ պետք է ինչ-որ բազայի վրա հիմնվելով, ընտրություն կատարել, որոշում կայացնել և  կառուցել երեխաների ապագան:

«Հիմա առավել ևս շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքները և մղումները, և ես ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում, ժողովրդին առաջնորդել՝ այդ ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու: Ինչպես նախկինում եմ ասե՝լ պարտավորված եմ այս փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավը, մեր նավակը հասցնել խաղաղ հանգրվանի»,- հավաստիացրել  է վարչապետը:

  • Կիսվել: