հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
ՀՀ վարչապետը հայտարարեց 2021 թվականի բյուջեի եկամտային մասը 147 միլիարդով գերակատարելու մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց 2021 թվականի բյուջեի եկամտային մասը 147 միլիարդով գերակատարելու մասին

2021 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 միլիարդ դրամով:

Ազգային ժողովի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի  եղավ, 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե 3.1 տոկոս է նախատեսված եղել: Ուզում եմ հիշեցնել նաև 2021 թվականը, թե ինչ իրավիճակում ենք մենք եղել, և այս առումով կարևոր է ընդգծել, որ (բյուջեի)եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 միլիարդ դրամով: Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով, մենք նկատի ունենք, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի եկամուտ ենք հավաքել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց նաև, որ եկամտային մասի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել:

«Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: