հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ վարչապետի այցը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապնդելու Հունաստանի և Հայաստանի միջև առկա գերազանց հարաբերությունները. Կիրիակոս Միցոտակիս

ՀՀ վարչապետի այցը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապնդելու Հունաստանի և Հայաստանի միջև առկա գերազանց հարաբերությունները. Կիրիակոս Միցոտակիս

ՀՀ վարչապետի այցը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապնդելու Հունաստանի և Հայաստանի միջև առկա գերազանց հարաբերությունները, որոնք գալիս են դարերի խորքից: ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Այդ հարաբերությունները կարող են ավելի արդյունավետ լինել նոր ընդհանուր մարտահրավերների պայմաններում, որոնք ծառացել են երկու երկրների առջև: Հատկապես այս պահին, երբ Հայաստանը ԵՄ-ի աջակցությամբ ձևավորում է հստակ ու թափանցիկ ինստիտուտներ, այդ հարաբերությունները կնպաստեն նորանոր ներդրումների ներգրավմանը»,- նշեց Կիրիակոս Միցոտակիսը:

 Հունաստանի նախագահը հայտարարեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ու ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ։ Այդ տրամաբանությամբ էլ ստորագրվել է հուշագիր «Էնթրփրայս Հունաստան»-ի և «էնթրփրայս Հայաստանի» միջև։

«Մենք կարևորում ենք նաև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությունը։ Այդ նպատակով 2023 թվականի դեկտեմբերին կնքվեց հատուկ պայմանագիր։ Հիմա դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները։ Քննարկել ենք նաև զարգացումները Հարավկովկասյան տարածաշրջանում՝ արձանագրելով մոտեցումների ընդհանրությունը։ Հունաստանը դեմ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը»,- ասաց Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ Հունաստանը միշտ հանդես է գալիս միջազգային իրավունքի դիրքերից, հավատարիմ է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին, գտնում է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով։

«Հայաստանը 2023 թվականից ի վեր շատ լավ գիտակցում է խաղաղության գինը։ Այն որոշումները, որոնք պետք է կայացնի Հայաստանի վարչապետը, փաստացի կձևավորեն երկրի ապագան գալիք տարիների համար։ Չափազանց մեծ հետաքրքրությամբ լսեցինք այն մոտեցումները, թե ինչպես է ՀՀ վարչապետը տեսնում քայլերի իրականացումը նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում։ Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար տեղահանվածների կյանքն ավելի հեշտացնելու ձևաչափը։ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից կանգնած կլինի Հայաստանի կողքին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործում, որովհետև միայն կայուն համաձայնագիրը կարող է բացել լավ ապագայի ճանապարհները Հարավային Կովկասում»,- նշեց Հունաստանի վարչապետը։

Նրա պնդմամբ՝ պաշտոնական Աթենքը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը հանգամանորեն ներկայացվեց հունական կողմին և հիմնավորվեց այդ նախաձեռնության միջոցով տարածաշրջանը բախումների թատերաբեմից առևտրական հանգույցի վերածելու անհրաժեշտությունը՝ սևծովյան ու միջերկրծովյան երկրները կապելով Պարսից ծոցի հետ։ Միցոտակիսի համոզմամբ՝ միայն ընդհանուր բարեկեցությունն ու բարգավաճումը կարող են լռեցնել զենքերը, և միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնակալ առաջնորդների ծրագրերը։

«Քննարկեցինք նաև Հայաստանում ընթացող բարեփոխումները, որոնք հստակ ցույց են տալիս Հայաստանի նվիրվածությունը արևմտյան արժեքներին։ Հունաստանն իր հերթին, որպես ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ, պատրաստ է իր փորձով, գիտելիքներով և ունակություններով նպաստել նոր լիբերալ ժողովրդավարության ձևավորմանը»,- ասաց հունաստանի կառավարության ղեկավարը։

Միցոտակիսն իր հարգանքի հավաստիքը հայտնեց նաև Հունաստանի ստվար հայկական համայնքին, բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ նպաստել են փոխշահավետ հարաբերություններին և այժմ էլ հանդես են գալիս որպես ներդաշնակ գոյակցության օրինակ՝ իրենց դերակատարությունն ունենալով հունական հասարակության մեջ։ նա նշեց, որ հայկական համայնքը բավականին ակտիվ ու կարևոր օղակ է, որն ամրապնդում է բարեկամությունն ու համագործակցությունը՝ ավելի մոտեցնելով երկու երկրների ժողովուրդներին։   

  • Կիսվել: