երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ–ում ժամանակավոր բնակությունն է հաստատել 20,000-ից ավելի արցախցի, չկա մեկը, որ չունենա ժամանակավոր կացարան․ նախարար

ՀՀ–ում ժամանակավոր բնակությունն է հաստատել 20,000-ից ավելի արցախցի, չկա մեկը, որ չունենա ժամանակավոր կացարան․ նախարար

Հայաստանում այս պահին իր ժամանակավոր բնակությունն է հաստատում Արցախի կորցրած տարածքներից մոտ 20 հազարից ավելի քաղաքացի, այս մասին Ազգային ժողովում ասաց Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած՝ չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան: Եթե նույնիսկ լինում են դեպքեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որտեղ ապահովում ենք ժամանակավոր կացարանով»,- ասաց նախարարը և հիշեցրեց, որ ՀՀ-ում բնակվողների ժամանակավոր բնակության ծախսերը փոխհատուցվում են:

Ինչ վերաբերում է Արցախում իրականացվող ծրագրերին, ապա Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորը, Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա: Դրա ամենամեծ փաստումն այն է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվն ավել է, քան 100 հազարը: Այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք այնտեղ ունեն մշտական բնակության վայրեր: Իսկ կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 քաղաքացի նույնպես շարունակում է բնակվել Արցախում»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ կառավարությունը ուղղակի ֆինանսավորմամբ ավելի քան է 15 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, որն ավելին է, քան Հայաստանում գործող որևէ ամսական սոցիալական աջակցություն: «Եվ այս ամիսների համար այդ աջակցությունները լիովին հնարավորություն են տալիս արցախցիներին հոգալ իրենց խնդիրները»,-ասաց նա:

  • Կիսվել: