ՀՀ-ում օտար կառավարման ռեժիմ է գործում. Ադրբեջանն է որոշում ու հրամայում բոլոր կարևոր որոշումները. Զուրաբյան
Հայաստանի գործող իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ամփոփելով ՀՀ Անկախության 35–ամյա անցած ուղին։
«Այսօր շատ մեծ շուքով կնշվի Հայաստանի պետական անկախությունը։ Արդեն գիտեք, հրապարակը փակել են, լուրջ միջոցառումներ են անցկացնում, բայց այդ ամբողջը ձևականություն է, որովհետև եթե մենք գնահատենք մեր պետության իրական անկախությունը, մենք կտեսնենք, որ ոչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները։ Այդ իրենք են, որ ձախողեցին մեր անկախության գլխավոր նվաճումները։ Կենսունակ պետություն, հաղթանակած պետություն, ազատագրված Արցախ. այս ամեն ինչը իրենց վարած քաղաքականության պատճառով ջախջախվեց։ Այսօր Հայաստանում օտար կառավարման ռեժիմ է, այսօր Ադրբեջանը մեր արտաքին քաղաքականության բոլոր կարևոր որոշումները հրամայում է»,–ասաց նա։
Զուրաբյանի խոսքով, այսօր ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականությունն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, այլ նաև ադրբեջանական ներքին կարգերը սկսել են թափանցել Հայաստան. «Ադրբեջանի թելադրանքով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրոհ է ձեռնարկում ամեն ինչի դեմ, մեր անկախության հռչակագրի դեմ, մեր արժեքների դեմ, մեր հաղթանակների դեմ, մեր ինքնության դեմ, Հայ առաքելական եկեղեցու դեմ, այսինքն այն հաստատության դեմ, որը 1700 տարի պահել է մեր ինքնությունը։
Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ սահմանադրության և օրենքների խախտումով իրականացվում են բռնաճնշումներ։ Այս ամբողջի գլխավոր պատվիրատուն Ադրբեջանն է, իսկ մեր անկախությունը, ըստ էության, գնացել է երկրորդ պլան»,–ասաց Զուրաբյանը։
Ըստ նրա գործող իշխանություններն իրենց ձախողումների մեջ մեղադրում են անկախության տարիներին ձեռք բերված արժեքներին, օրինակ ՀՀ Անկախության հռչակագիրը` համարելով, թե այն հակամարտություն է գեներացնում տարածաշրջանում։
«Նրանք մոռանում են, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է հակամարտության սկզբնավորումից հետո։ Սրա մասին մոռանում են, ավելին` սա վարկաբեկում են»,– հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։
Նա անդրադարձավ նաև իշխանությունների կողմից Եվրամիություն ընդունվելու հայտի մասին նշելով, որ ՀՀ կառավարությունը ոչնչով չի պատրաստվել այդ գործընթացին, քանի որ որևէ հաշվարկ չի ներկայացվել էներգետիկ, ռազմական, պարենային անվտանգության որևէ հաշվարկ և հիմնավորվածություն, առավելևս` ԵՄ–ն ինքը չունի ընդարձակման ծրագիր դեպի Հարավային Կովկաս։
«Հետևաբար, 60 հազար քաղաքացու դիմումի վրա ընդունված այս որոշումը որևէ այլ զգալի արդյունք չի տվել, քան տնտեսական հարաբերությունների և դիրքերի թուլացում ԵԱՏՄ–ում։ Նույնը կատարվում է TRIPP–ի նախագծի դեպքում, որը դարձել է աշխարհաքաղաքական միակողմանի մի նախագիծ, որը սպասարկում է շատ կոնկրետ պետությունների շահեր` Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Իսրայելի և այլն։ Այս նախագիծը թշնամական է ընկալվում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար»,– ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` այսպիսով Հայաստանի ստրատեգիական բոլոր ուղղությունները կգտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ իսկ պատճառով ՀԱԿ–ն առաջարկում է հրաժարվել Փաշինյանի բլոկային քաղաքականությունից, որը, նրանց խոսքով, հղի է դեպի Հայաստան պրոքսի պատերազմ հրահրելու վտանգներով։



