երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցների այցին Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցների այցին Հայաստան

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինին և Դեմյան Մերֆիին հայաստանյան այցի ընթացքում ներկայացվել են Հայաստանում անվտանգային իրավիճակը և խաղաղության վերաբերյալ հեռանկարները, X-ի սոցհարթակում գրել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, գրում է amerikayidzayn.com-ը:

Դեսպանը նշել է. «Այս շաբաթ կայացավ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի կարևոր այցը: Շահագրգիռ կողմերի հետ իրենց հանդիպումներում, այդ թվում ՝ մարզերում, նրանք առաջին ձեռքից արժեքավոր կարծիքներ են լսել Հայաստանում անվտանգության հետ կապված իրավիճակի և խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ»,- նշել է դեսպան Քվինը։

Մեկ այլ առանձին գրառման մեջ էլ ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել է, որ «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արկինը և Դամիան Մերֆին Երևանում հանդիպել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտների հետ` հայ-ամերիկյան երկկողմ գործընկերությունը և տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը քննարկելու համար»:

 

  • Կիսվել: