շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները հանդիպել են ԱԶԲ պատվիրակության հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները հանդիպել են ԱԶԲ պատվիրակության հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանն ու Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են ԱԶԲ առաքելության ղեկավար Դոնալդ Լամբերտի ղեկավարած պատվիրակության հետ։
ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը եղել է և կշարունակի մնալ Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարևորագույն գործընկերներից մեկը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում տարիներ շարունակ ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի համագործակցությունը։ Այժմ էլ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համագործակցության տարբեր ծարագրեր ունի, որոնց մի մասը դեռ ուսումնասիրության և մշակման փուլում են գտնվում։

Որպես օրինակ Արմեն Սիմոնյանը նշել է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան երկաթուղու կառուցման հարցը։ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ ԱԶԲ գործընկերների հետ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։

Հաջորդ կարևոր ուղղությունն, ըստ Սիմոնյանի, Հայաստանում պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի՝ ԱԶԲ-ի կողմից մասնավոր հատվածին արտոնյալ պայմաններով ֆինանսական ռեսուրսների հնարավոր տրամադրումն է։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր գոհունակությունն է հայտնել, որ հանդիպումը կայանում է համագործակցության հետագա ռազմավարության շուրջ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարությունն ավարտին է հասցրել ԱԶԲ-ի հետ համագործակցության երկու կարևոր ծրագիր, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն են ստեղծում էլ ավելի սերտ համագործակցության համար։

ԱԶԲ պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ քննարկվող բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին կհասցվեն։

  • Կիսվել: