ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Արդբեջանին․ Էդմոն Մարուքյան

ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Արդբեջանին․ Էդմոն Մարուքյան

ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Արդբեջանին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Եթե խոսքը գնում է ճանապարհների ապաշրջափակման մասին, բնականաբար, ապաշրջափակման մասին կարող ենք խոսել, սահմանները բոլոր կողմերից վաղ թե ուշ պետք է բացվեն։ Բայց ՀՀ տարածքով որևէ միջացնք տալուն ես դեմ եմ»,- ասաց նա։

Մարուքյանն անդրադարձավ սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը և ստորագրվելիք փաստաթղթին։

«Վաղ թե ուշ պետք է լինի նման հանձնաժողով, այլ բան է՝ ինչ լիազորություններով է օժտված և այլ բան է՝ արդյոք այդ հանձնաժողովի արդյունքները ենթակա են լինելու խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի եզրակացությանը ու վավերացմանը։ Այս պահին որևէ փաստաթուղթ չունենք հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, խոսակցությունն այդ մակարդակում էլ մնում է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ առաջարկը, որ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը պետք է հետ քաշեն սահմանից, լուծման վերաբերյալ չէ, լարվածությունը թուլացնելու վերաբերյալ է։ «Խնդրի լուծումը կարող է լինել, երբ վերջնական լուծում լինի, թե որն ում սահմանն է, և երկու կողմերն էլ ճանաչեն այդ հանգամանքը։ Այսինքն՝ այս առաջարկը ուղղակի լարվածությունը թուլացնելու համար է, միջազգային դիտորդները չեն գալու ասեն՝ որն ում սահմանն է, էդ մարդիկ գալիս են կանգնելու, որ իրար վրա չկրակեն, իրար չգերեվարեն, տանկերը չմտցնեն իրար տարածք, մինչև կորոշվի, թե այդ գիծը որտեղով է գնում»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ միջազգային դիտորդները կգան, Մարուքյանը պատասխանեց․ «Արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք արձագանքներ, որ՝ պատրաստ ենք գանք, էդտեղ կանգնենք»։

  • Կիսվել: