ՀՀ տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով այն հարցը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»:
Խոսնակը, մասնավորապես, նշել է. ՛՛Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում:
Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՛՛։