շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում

ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

Մայիսի սկզբին գրել էինք, որ ադրբեջանական ԶՈւ-ն/սահմանապահները դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի տարածքում զգալիորեն ավելի հարավ են շարժվել Վարդասարի հատվածում։
 
Դիրքերի տեղակայման տարածքների մասին տեղեկությունը համընկել էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած տվյալների հետ։ Նա ապրիլին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։
 
Սակայն այն ժամանակ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։
 
Ավելին` հարցին, թե կա՞ն արդյոք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման այլ շրջաններ, բացի Գեղարքունիքի Վարդենիս (Կութ, Վերին Շորժա և այլն) համայնքից, Սյունիքի Սև լիճ, Իշխանասար և Ներքին Հանդ բնակավայրերից, ՊՆ-ից հայտնել էին, որ բացի Հայաստանի տարածք ներխուժելու նախկին դեպքերից, այլ դեպքեր չեն արձանագրվել։
 
Ուսումնասիրելով արբանյակային քարտեզները՝ մայիսի 10-ին որոշեցինք կրկին հարցում ուղարկել ՊՆ` ներկայացնելով արբանյակից արված լուսանկարն ու նշելով Վարդասարի մոտակայքում իրականացված ինժեներական աշխատանքների շրջանները։ Խնդրեցինք պարզաբանել` լուսանկարում ադրբեջանական դիրքեր են, թե ոչ (եթե այո, ապա ե՞րբ է տեղի ունեցել ներխուժումը)։
 
Ու ստացանք պատասխանը․ «Սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին»։
 
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանության կողմից պաշտոնական տեղեկություն չի եղել այդ հատվածում, ինչպես նաև Ներքին Հանդ գյուղի շրջանում ադրբեջանական ներխուժման մասին։
 

  • Կիսվել: