հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ պետական շահերը պահանջում են հասնել մի հանգրվանի, որը կոչվում է հարևանների հետ պրոբլեմների բացակայություն. Արսենյան (տեսանյութ)

ՀՀ պետական շահերը պահանջում են հասնել մի հանգրվանի, որը կոչվում է հարևանների հետ պրոբլեմների բացակայություն. Արսենյան (տեսանյութ)

1997-ի ղեկավարության հետ համեմատած՝ ՀՀ այսօրվա ղեկավարությունն իր ներսում տարաձայնություն չունի, վճռական է և միակամ այն նպատակներին հասնելու գործում, որոնց ձգտում է: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերւմ ասաց ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նա նշեց, որ այսօրվա քաղաքական թիմը հստակ պատկերացնում է խաղաղության գինը, խաղաղության տեսլականը, այն հիմնական ճանապարհը, որով պետք է գնա Հայաստանը:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այս քաղաքական թիմի կառավարման ժամանակ։ ՛՛Եթե դիտարկենք մեր ընդդիմադիրների կողմից իրականացվող գործունեությունը, ապա բացառիկ ազատության մեջ են գործում՛՛,–նշեց Արսենյանը:

Նա անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմին՝ ասելով, որ այն իր համար ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է, որը ցույց տվեց սնանկությունն այն ամենի, ինչ ասում էին նախկին իշխանությունները. ՛՛Այն գինը, որը վճարեց ՀՀ ժողովուրդը և հայկական բանակը, դա ապացույց էր, որ մենք պետք է սթափվենք, վերադառնանք իրերն իրենց անուններով կոչելու դաշտ՛՛։

Արսենյանը խոսեց նաեւ ընդդիմության մեղադրանքների մասին իշխանության հասեցեին, մասնավորապես, որ ընդդիմությունն ասում է, թե իշխանությունն Արցախը հանձնում է Ադրբեջանին: Այս առնչությամբ պատգամավորն ասաց. ՛՛Երբ Հայաստանի ու Արցախի սահմանն ընդհանուր էր մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, երբ հայկական զորամիավորումները կանգնած էին Արցախի և Ադրբեջանի միջև, այդ ժամանակ մի իրավիճակ էր, երբ ՀՀ–ն կարողանում էր ակտիվորեն մասնակցել ու ակտիվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, որը կոչվում է Արցախի անվտանգության երաշխավոր:

Իրադարձությունները զարգացան այնպես, որ մեր զինված ուժերը չկարողացավ դիմակայել ադրբեջանական հարվածին, և հիմա մեր և Արցախի միջև տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, և մենք հանձնելու որևէ բան չունենք, Արցախն այս պահին գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՛՛:

Նա հավելեց, որ  այժմ իրենց նպատակն է իր բնականոն ավարտին հասցնել խաղաղության դոկտրինը, որովհետև խաղաղության դոկտրինի պայմաններում առաջին հերթին դադարում է ռազմական գործոնը լինել առօրյա։

՛՛Մենք իրականացնում ենք մի քաղաքականություն, որն այս պահին բխում է ՀՀ պետական շահերից։ ՀՀ պետական շահերի պարագայում հակադրել Արցախի շահերը Հայաստանի շահերին՝ այնքան էլ ազնիվ չէ։ Հայաստանի պետական շահերը պահանջում են, որպեսզի ինքը շատ արագ և արդյունավետ հասնի մի հանգրվանի, որը կոչվում է հարևանների հետ պրոբլեմների բացակայություն՛՛,-ասաց Գուրգեն Արսենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: