հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ոստիկանությունը՝ Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում. 11 մլրդ դրամով ավելի եկամուտ են հավաքագրել. «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանությունը՝ Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում. 11 մլրդ դրամով ավելի եկամուտ են հավաքագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատն այս տարվա փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել ոստիկանությունում եւ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամուտի ավելացումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ու անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից մատուցված ծառայություններից ու երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գերակատարումներով, նաեւ՝ պետական պահպանություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հավաքագրված եկամուտով: Բացի այս, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ:

Ըստ Պալատի՝ «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են չպատվիրված ծառայություններ, իսկ ՀՀ ոստիկանությունը դրանց դիմաց կատարել է վճարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում 2021 թվականի համար ճանապարհային գծանշումների ձեռք բերման համար պետական բյուջեից նախատեսվել է 475 մլն դրամ, եւ ոստիկանությունը 2020 թվականի դեկտեմբերին հրատապ բաց մրցույթ է հայտարարել, ինչին մասնակցել է երեք ընկերություն, որից մեկը պետական գրանցում ստացել է հենց 2020-ի դեկտեմբերի 24-ին: Իհարկե, հաղթող ճանաչվել է նվազագույն գին առաջարկած ընկերությունը, սակայն մի քանի շաբաթ անց՝ 2021-ի հունվարի 14-ին մրցույթին մասնակցած մեկ ընկերության տնօրենը ստանձնել է մյուս մասնակից կազմակերպության տնօրենի պաշտոնը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: