չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսի բուժմամբ  զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Փաշինյան

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ ավելացել են: Այսօր պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են:

«Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև Շտապօգնության աշխատակիցները»,-ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ բուժանձնակազմի պակասին՝ նշելով, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների:

Ըստ նրա, մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է աշխատանքներին ներգրավել նաև մեծ թվով կամավորների՝ բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների:

«Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարությունը, կառավարությունը միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, մասնավորապես վերակենդանցման բաժանամունքների կարողություններն ավելացնելու համար: Բայց մենք բոլորս ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»,- ընդգծեց նա։ 

 

  • Կիսվել: