կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախագահն արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային իրավիճակի մանրամասները

ՀՀ նախագահն արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային իրավիճակի մանրամասները

Արգենտինա կատարած այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին՝ վերջինիս նախագահ Գիժերմո Անդրադային:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, կարևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը և այս համատեքստում անդրադարձ կատարվել ընթացիկ տարվա մայիսին արգենտինացի խորհրդարանականների Հայաստան կատարած այցի նշանակությանը:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:

Հանրապետության նախագահն իր խոսքում արգենտինացի խորհրդարանականներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակի ու առկա մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ: Այս համատեքստում նախագահը անդրադարձել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին:

Այս կապակցությամբ խորհրդարանականներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման կարևորությունը:

  • Կիսվել: