չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 6.4 տոկոսով

ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 6.4 տոկոսով

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը միտված է երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությանը եւ ընկալվելուն՝ որպես կայուն, վստահելի, հեղինակավոր եւ ինստիտուցիոնալ կառույց՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների եւ ռազմավարական նախաձեռնությունների կարեւորագույն օղակ: Այս մասին ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը «2025 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2025 թվականի համար ներկայացվել է 1 մլրդ 658 մլն 673 հազար դրամի բյուջետային հայտ, ընթացիկ տարվա համեմատ տարբերությունը 113 մլն դրամ է:

Աշխատակազմը ֆինանսավորվում է մեկ ծրագրով՝ երկու միջոցառմամբ: Ընդհանուր բյուջեի շուրջ 97,5 տոկոսը նախատեսված է «Նախագահի գործունեության եւ ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար, իսկ 2,5 տոկոսը՝ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման համար: Այս միջոցառմամբ նախատեսվում են ֆինանսական միջոցներ համակարգչային եւ էլեկտրական սարքավորումների ու էլեկտրական էներգիայի պահուստային աղբյուրի վթարային գեներատորի ձեռքբերման համար:

Խաչատուր Պողոսյանի փոխանցմամբ ծրագրային բյուջետավորման ձեւաչափով սահմանվել են նախագահի աշխատակազմի ծրագիրն ու միջոցառումները, նաեւ՝ արդյունքային ցուցանիշները: Նախատեսված է Ազգային ժողովի ընդունած 460 օրենքների՝ Հանրապետության նախագահի ստորագրման, նախագահի կողմից 180 հրամանագրերով հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացների ապահովում, դատապարտյալների ներման վերաբերյալ 5 հրամանագրերի նախապատրաստում, 270 անձանց շքանշաններով ու մեդալներով պարգեւատրման, ինչպես նաեւ պատվավոր կոչման շնորհման ապահովում, բարձրագույն դասային աստիճանների, դիվանագիտական աստիճանների շնորհման գործընթացի ապահովում, ինչպես նաեւ նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող այլ գործառնությունների իրականացում:

2025 թվականին նախատեսվում են նախագահի արտասահմանյան այցեր եւ այլ պետությունների ղեկավարների՝ հանրապետություն այցեր, նախագահի մասնակցությունը որոշ արտասահմանյան միջոցառումներին, նաեւ մարզային այցեր:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

  • Կիսվել: