ՀՀ-ն որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է. Ալեն Սիմոնյան
«Այնպես չի, որ քննարկումը կանգնել է, մենք առաջարկ ենք արել, բացասական պատասխան է եկել և դրանով ավարտում ենք, քննարկման պրոցես է, այդպես 12 դեպք է եղել, երբ գնացել-եկել է այդ փաստաթուղթը, և մենք այսօր ունենք 15 համաձայնեցված կետ, որը շատ մեծ ձեռքբերում է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը հիշեցրեց, որ ամենասկզբից, երբ խոսակցություն սկսվեց խաղաղության պայմանագրի մասին՝ ընդամենը միջազգայնորեն ընդունված 5 կետի մասին էր խոսքը, այսօր երեք անգամ ավելի շատ է. «Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի: ՀՀ-ն որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է և հետևողական շարունակելու է աշխատանքերը՝ բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ և պատճառ չկա և պետք է չլինի»:
ԱԺ նախագահը նաև նշեց. «Մենք միշտ պետք է ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ և որևիցե բան չբացառենք: Պետք է միշտ աշխատանքային պրոցեսը շարունակվի: Կարող են շատ նորություններ տեղի ունենալ և ինչ-որ փոփոխություններ տեղի ունենալ, մեր պատասխանն այս շաբաթվա ընթացքում գնա Ադրբեջան: Մենք պատրաստ ենք անցակետեր տեղադրել և ճանապարհներ բացել, սա գործընթաց է, որը չի դադարում: Երբ խոսքը գնում է պայմանագրի և ապաշրջափակման մասին, իհարկե երկկողմանի, հայելային, երկու կողմերի համար թե՛ իրավունքների, թե՛ պարտավորությունների առումով հավասար պայմաններ են լինելու»: