երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ն որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին այսօր Թուրքիայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ ուզում է մի քանի արձանագրում անել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը պատրաստ է և հետաքրքրված խաղաղության պայմանագրի կնքման հարցում․

«Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում․ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռներն ու մարդիկ կարող են ազատ ձևով տեղաշարժվել՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխանությունը», - ասել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով սահմանին զորքերի առկայությանը՝ Սիմոնյանը նշել է․

«Մենք մշտապես առաջարկել ենք և առաջարկում ենք Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին։ Ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»։

  • Կիսվել: