ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան ժամանակ, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան
«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ:
Հիմա պարզվում է մի իրողություն, որ կա տարածք այս ճանապարհով գնալու, և որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի: Մենք հստակ հայտարարում ենք, որ այնքան, ինչքան համատեղելիություն հնարավոր կլինի, կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ»:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:
«Մենք ունենք 2 տարբերակ՝ կա՛մ մեզ ընդունում են Եվրամիության անդամ, որը հնարավոր է միայն ստանդարտին համապատասխանելու դեպքում, կա՛մ մեզ չեն ընդունում:
Երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետությունը շահած է դուրս գալիս, մի դեպքում մենք դառնում ենք լիիրավ անդամ, երկրորդ դեպքում չենք դառնում, բայց լինում ենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող պետություն:
Երբ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք որոշում»,- նշել է վարչապետը:


