ՀՀ կառավարությունը կվերահսկի՞ կրիպտոշուկան․ ինչ է քննարկվելու ԱԺ-ում
Ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից անցկացվելու է հերթական նիստը, որի հիմնական զեկուցողը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն է լինելու։
Նուրբեկյանը զեկուցելու է 26 օրենքի նախագծեր։
Նախագծերի շարքում առաջին տեղում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է կառավարությունը։
Նախագծի հիմնավորումում մասնավորապես ասվում է, թե որն է Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը․
«Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում: Բացի այդ, ի հայտ են եկել բազմաթիվ անձինք, որոնք սկսել են բիզնես գործունեություն ծավալել այս ոլորտում՝ ներգրավվելով ինչպես բլոքչեյն և ապակենտրոնացված այլ գրանցամատյանների (distributed ledger) տեխնոլոգիաների (ԱԳՏ) ստեղծման, տարբեր ոլորտներում (այդ թվում՝ ֆինանսական համակարգում) դրանց կիրառելիության ապահովման և զարգացման ծրագրերում, այնպես էլ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց մատուցելով կրիպտոակտիվներով տարաբնույթ ծառայություններ, այդ թվում՝ կրիպտոակտիվների առուվաճառք, փոխանակում, փոխանցում, խորհրդատվություն և այլն: Այնուամենայնիվ, համապատասխան կարգավորման դաշտի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում կրիպտոակտիվների ոլորտում նորարարական գործունեությամբ զբաղվելու համար»:
Կառավարությունն ակնկալում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին:
Համաձայն օրենքի այս նախագծի՝ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողները պետք է ունենան լիցենզիա, որը տրվում է անժամկետ:
Լիցենզիան տրվում է մեկ կամ մի քանի տեսակի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար: Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Հարկ է նշել՝ որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու նախազգուշացում, տուգանք և այլ միջոցներ։
Եթե կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա նշանակվում է տուգանք խախտման արդյունքում ստացված շահույթի կամ խուսափած վնասի (եթե հնարավոր է որոշել խախտման արդյունքում ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը) մինչև 300 տոկոսի չափով։ Եթե հնարավոր չէ որոշել խախտման արդյունքում ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը, ապա կիրառվում է տուգանք՝
1․ իրավաբանական անձանց համար՝ ստացված տարեկան հասույթի (եկամուտի) մինչև 15 տոկոսի չափով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ աուդիտորական եզրակացությամբ վերջին տարվա հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները,
2․ Ֆիզիկական անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի մինչև քսան հազարապատիկի չափով։
3․ Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ իրավասու է սահմանել տուգանքի չափի հաշվարկման մեթոդաբանությունը և տուգանքի վճարման տարաժամկետման կարգը: