շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԺ-ի մեծամասնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատակամ է ամեն գնով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ-ի մեծամասնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատակամ է ամեն գնով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը․ Ռուբինյան

ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո հնչող հարցերը մոտավորապես պիտի լինեն հետևյալը․ ի՞նչ վիճակ է սահմաններին, ինչ է ձեռնարկում ՀՀ-ն կամ ինչ պիտի ձեռնարկի ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչո՞վ կարող են օգնել լրագրողները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ժողովրդին կոչ  անելով համախմբվել ոչ թե իրենց շուրջ, այլ ՀՀ պետականության շուրջ։

«Բայց ինձ տված հարցը հետևյալն էր․ ըննդիմությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց, արդյո՞ք միանալու եք։ Սկսենք նրանից, որ հարցը աբսուրդային է, որովհետև ո՛չ, ես չեմ  պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին ընտրել վարչապետ, բայց հարցը դա չի։ Հարցը հետևյալն է։ Կա աքսիոմատիկ ճշմարտություն․ երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, և անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանել սեփական շահերն էլ չէ, սեփական տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ամենակարևորը ներքին միասնությունն է, և ներքին կայունության չխաթարումը։ Սա չհասկանալու համար կամ պիտի դավաճան լինես, կամ տրվես էմոցիաների»,- ասաց նա։

Ռուբինյանը անդարդարձավ հարցին, թե ինչու է հայտնվել վարչապետին իմպիչմենտ հայտնելու ընդդիմադիրների առաջարկը․

«Որովհետև երեկ արտերկրից կառավարվող շրջանակները տարածել են սուտ, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ է ստորագրել և այդ ստի վրա կառուցել են ինչ-որ իրադարձություն, բայց ընդդիմադիրները ի՞նչ են առաջարկում։ Դա իրենք չեն ասում, բայց բոլորս գիտենք, որ իրենց վարչապետի թեկնածուն իրենց թիմի ղեկավարները պիտի լինեն,  ուրիշ ով պիտի լինի։ Մեկ տարի առաջ իրենք կարծում էին, որ Հայաստանի համար լավագույն վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Հիմա իրենք առաջարկում են հետևյալը․ ժամանակավորապես չունենալ վարչապետ, իսկ հիշեցնում եմ, ըստ Սահմանադրության, եթե հրաժարական է լինում կամ իմպիչմենտի գործընթաց է լինում, միջակայք է լինում, այդ միջակայքում պետական կառույցները սկսում են վատ աշխատել, ստեղծվում է մի անհասականալի մթնոլորտ, և սա է իրենց առաջարկը այն պայմաններում, երբ մեր սահմաններին տեղի է ունեցել հարձակում»։

Ռուբինյանն ընդգծեց՝ այս պահին իրավիճակը առաջնագծում հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ կա իրավիճակի վերջնական կայունացում․

«Ես չգիտեմ՝ այդ մարդիկ հատուկ են դա անում, թե ոչ։ Ես չեմ ուզում դրան հավատալ։ Ես հասկանում եմ բոլոր հույզերը, դժգոհությունները, վախերը, անզորության զգացումը, և ուզում եմ ձեզ ասել, որ սա նորմալ է, որովհետև մարդիկ, ի վերջո, իրար ավելի շատ սիրում են, երբ լավ ժամանակներ են։ Ցավոք, վատ ժամանակներում նման դրսևորումներ են լինում, բայց մենք սիրում ենք ասել, որ մենք հզոր ազգ ենք, ունիկալ ազգ ենք, չեմ կարծում, որ մենք չափազանցնում ենք։ Եկել է ժամանակը ցույց տալ մեր լավագույն որակները և թույլ չտալ, որ կասկածի որդը մեզ ներսից կրծի և արթնացնի մեր վատագույն որակները, որովհետև սա մեր մասին է, իմ մասին չէ, անհատապես ձեր մասին չէ, մեր պետության մասին է։

Ռուբինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պահպանել հանգստություն․

«Ես կուզեի ընդդիմադիրնեին կոչ անել գալ ԱԺ նիստերի դահլիճ և համախմբվել պետականության շուրջ, որովհետև այստեղ դիտավորության հոտ է գալիս։ Դրա համար ես մեր ժողովրդին եմ կոչ անում․ պահպանեք հանգստություն։ ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ-ի մեծամասնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատակամ է ամեն գնով պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Առաջնագծում կանգնած զինվորներին ցանկանում եմ ամրություն և ոչ մի վայրկյան չկասկածեք, որ ձեր ետևում որևէ բան տեղի կունենա»։

  • Կիսվել: