ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը և արդյունքային ցուցանիշներ։
Այսպիսով, ըստ արդյունքային ցուցանիշների, մինչև 2025 թվականը՝
- Հայաստանը կընդգրկվի ՄԱԿ-ի «Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցանիշ (ինդեքս)»֊ով լավագույն 25 երկրների ցանկում։ (Այժմ գտնվում է 67֊րդ դիրքում, կբարելավի 42 դիրքով),
- ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի 80% ապահոված կլինեն լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ,
(Այժմ այդ ցուցանիշը մոտ 40% է),
- Կստեղծվի Ազգային Կիբերանվտանգության Գերազանցության Կենտրոնը, որը կհանդիսանա պետական համակարգերի կիբերանվտանգության գրավականը, կապահովի անձնական տվյալների պաշտպանություն և կխթանի կիբեր գրագիտության զարգացումը,
- ՀՀ պետական և մասնավոր հատվածի տվյալները հնարավոր կլինի պահպանել հատուկ ստեղծված տվյալների պահպանման, մշակման և փոխանցման կենտրոնում հիմնված ամպային ենթակառուցվածքների տեխնոլոգիաների վրա: Ենթակառուցվածքը նաև տարածաշրջանային նշանակություն կունենա,
- Բոլոր պետական կայքերը և էլեկտրոնային համակարգերը կունենան միասնական չափանիշներ ու ճարտարապետություն և ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար,
- Կթվայնացվեն և առցանց կմատուցվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաները և թույլտվությունները հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում նաև շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը ամբողջությամբ կթվայնացվի,
- Կառավարությունը բացառելու է քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթեր արդեն իսկ առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում,
- Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ (անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և այլն) կմատուցվեն առցանց,
- ՀՀ պետական բոլոր կայքերից և էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաև Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ,
- Տարբեր կրթական ծրագրերի միջոցով կբարձրացվի բնակչության թվային և կիբերանվտանգության ոլորտում հմտությունների մակարդակը,
- Կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։
Իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։