երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին

ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ: 

Վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-գրել է վարչապետը:

 

Եվրախորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 27-ին քվեարկել էին Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման օգտին: Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել են ԵՄ անդամ պետությունների կողմից առաջարկված և ավելի վաղ Եվրախորհրդարանի հանձնաժողովների կողմից համաձայնեցված բոլոր թեկնածությունները։

ԵՄ գործադիր խորհրդի նոր կազմի հաստատման օգտին քվեարկել է 370 եվրապատգամավոր, «դեմ»՝ 282-ը, 36 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Նոր Եվրահանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։ 

 

  • Կիսվել: