երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ իշխանություններն իրավունք ունեն առանց պատերազմ հրահրելու հետ կանգնել պրահյան հայտարարությունից.Վարդան Օսկանյան

ՀՀ իշխանություններն իրավունք ունեն առանց պատերազմ հրահրելու հետ կանգնել պրահյան հայտարարությունից.Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանն այսօր մաքսիմումն է տվել Ադրբեջանին, որի մասին Ադրբեջանը կարող էր երազել բանակցությունների արդյունքում ձեռքբերել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Կա տարբերություն տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման միջև: Դու կարող ես ինչ-որ մի երկրի տարածքային ամբողջականությունը հարգել, հարգելով այլ երկրի տարածքային ամբողջականությունը, պարզ է, որ դու այդ երկրից տարածքային հավակնություն չունես, իսկ ճանաչումն այլ խնդիր է: Կան երկրներ, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն, թերևս սահմանագծումը չեն ավարտել, մինչև դրա ավարտը նրանք չեն կարող իրար տարածքային ամբողջականություն ճանաչել, բայց պետք է հարգեն:

Դու ասել ես՝ ես ճանաչում եմ քո տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախն եմ ճանաչում, ասել ես՝ ես Հայաստանից այս անկլավները տալիս եմ: Փաշինյանն այսօր մաքսիմումն է տվել Ադրբեջանին, որի մասին Ադրբեջանը կարող էր երազել բանակցությունների արդյունքում ձեռքբերել»,– ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների խոսքում մի փոքր դրական փոփոխություն կա. «Մենք ճանաչել ենք, ընդունում ենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է ասելու փոխարեն արդեն սկսել են ասել, որ մենք պատրաստ ենք, եթե, բայց չեն կարողանում եթե-ն ճիշտ ձևակերպել: Հիմնական խնդիրը այդ եթե-ի մեջ է: Հայաստանը, այո, կարող է ասել, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցություններում այնպիսի ընթացք լինի, որի վերջնարդյունքը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղություն բերել մեր տարածաշրջանում»:

Օսկանյանը շեշտեց, որ բանակցությունների օրակարգը հնարավոր է փոխել խաղաղ ճանապարհով:

Անդրադառնալով տարածքային ամբողջականության սկզբունքին՝ Օսկանյանը նշեց, որ ինչպես ազգային դատական շրջանակներում կա անմեղության կանխավարկած, այնպես էլ միջազգային իրավունքում կա երկրների սահմանների անձեռնմխելիության կանխավարկած. «Բայց այդ կանխավարկածը դառնում է վիճարկելի, երբ որևէ երկիր միջազգային օրենքի որոշ նորմեր է խախտում: Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, բավարար հիմք է տալիս, որ Փաշինյանը հետ կանգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչումից, որովհետև նրանք այսօր խախտում են միջազգային այնպիսի նորմեր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը արդեն դառնում է վիճարկելի կանխավարկած»:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր իրավունք ունեն առանց պատերազմ հրահրելու միջազգային օրենքի շրջանակներում հետ կանգնել պրահյան հայտարարությունից. «Ասենք, որ մենք չենք կարող ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այս պահին, ես հետ եմ կանգնում այդ հայտարարությունից: Եթե նա դա արեց, իրավիճակը կտրուկ կփոփոխի»:

  • Կիսվել: