շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ իշխանությունների հետ հիմնական տարաձայնությունը արցախյան խնդրի հետ է կապված, բայց դա հարթվելու է․ ԱՀ նախագահ

ՀՀ իշխանությունների հետ հիմնական տարաձայնությունը արցախյան խնդրի հետ է կապված, բայց դա հարթվելու է․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերություններին նշել է, որ դրանք բավականին ակտիվ, պարբերաբար շփումների բնույթ են կրում և այլ կերպ լինել չէր կարող։

Նա վստահեցրել է, որ ամենակարևոր տարաձայնությունը միշտ ղարաբաղյան խնդրի հետ է կապված. «Ես ուզում եմ հորդորել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։ Արցախյան շարժումը սկսվել է հայ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով և այն մի մարդու մենաշնորհ չէ։ Ուզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ. ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը։ Դա բացառիկ իրավունք է, որը միջազգայնորեն ճանաչված է, և այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, որին սատար է կանգնում հայ ժողովուրդը։ Մենք այդ պատրաստակամությունը հայտնել ենք, իմանալով, որ ունենալու ենք պատերազմներ, զրկանքներ, և այսօրվա զրկանքները մենք կրում ենք այդ գիտակցումով։ Այդ առումով մենք ունենալու ենք տարաձայնություններ, սակայն ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորցված չէ»,- համոզմունք հայտնեց ԱՀ նախագահը։

Խոսելով պաշարված Արցախի ակնկալիքներից աշխարհասփյուռ հայությունից՝ նախագահ Հարությունյանը նշեց, որ առաջին հերթին ակնկալում են բարոյական աջակցություն։

«Արցախի պայքարը, պայքար է բոլորի փոխարեն, բոլորի համար։ Մենք ակնկալում ենք տարբեր միջոցառումներ ի աջակցություն Արցախի, նաև նյութական աջակցություն, քանզի շրջափակման մեջ, տնտեսություն պահել անհնարին է»,- ընդգծել է ԱՀ նախագահը։

Նա նշել է, որ Արցախի պայքարը՝ դա ժողովրդի որոշումն է, իսկ ինքը առաջնորդելու է այդ պայքարը, մենք պարտավոր ենք հարգել ժողովրդի պայքարելու որոշումը։

  • Կիսվել: