շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ-ի հետ համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթն այս պահին մշակման փուլում է. Իրանի դեսպան

ՀՀ-ի հետ համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթն այս պահին մշակման փուլում է. Իրանի դեսպան

Հայաստանի հետ համապարփակ համագործակցության ռազմավարական փաստաթուղթն այս պահին տեքստի մշակման փուլում է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա, մասնավորապես, նշեց. «Մի առաջնային նախնական տեքստ կար, որի վրա որ մենք այս պահին Իրանում աշխատում ենք և դրա որոշ բաղադրիչները փոփոխելու ուղղությամբ այս պահին դեռ տեքստի վրա ենք աշխատում։ Մեր ցանկությունն է, որ սա ուղղակի թղթի վրա գրված որևէ փաստաթուղթ չդառնա, այլ լինի օպերատիվ։

Երբ մենք կկարողանանք վերջնական տեսքի բերել այս փաստաթուղթը, և ապահովված լինի այդ փաստաթղթի համապարփակ բնույթը, այն արդեն կփոխանակվի կողմերի միջև և վերջնական համաձայնության հասնելուն պես պատրաստ կլինի ստորագրման։ Մենք շատ լիահույս ենք, որ կկարողանանք փաստաթուղթը ստորագրել 2026 թվականին»:

Շիրղոլամին նաև ասաց, որ անկախ այդ փաստաթղթից՝ այս պահին էլ Հայաստանն ու Իրանը շատ լավ համագործակցում են տարբեր ոլորտներում, և դա զարգանում է։

«Այս համատեքստում պետք է նշել վերջերս տեղի ունեցած բարձրաստիճան այցերից մեկը. խոսքը ՀՀ պաշտպանության նախարար պարոն Պապիկյանի այցն էր Իրան մոտավորապես մեկ շաբաթ առաջ»,-նշեց նա:

 

  • Կիսվել: