ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվելիք՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներին վերաբերող հուշագրի ճակատագիրը՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների պարզաբանմամբ

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվելիք՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներին վերաբերող հուշագրի ճակատագիրը՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների պարզաբանմամբ

Tert.am-ը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ`ռուս մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ճակատագրի մասին հետաքրքրվել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություններից: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել հայկական կողմին»: Այսպես են արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ճակատագիր է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև նախատեսվող՝ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

«Հուշագրի ռուսական պրոեկտը քննարկման համար տրված է Երևանին: Պատասխան դեռ չենք ստացել»,- ասված է մեկնաբանությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նույն հարցի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը.

«Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:

ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար» և խոստացել էր հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների մուտքի հասանելիություն ստանա:

Նշենք, որ 2019 նոյեմբեր ամսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան պաշտոնական այցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտատարվեց վերոնշյալ հուշագրի ստորագրման մտադրության վերաբերյալ:

«Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրման հարցը քննարկել ենք։ Այն նաև քննարկվում է առողջապահության նախարարությունների կողմից, օրերս Հայաստանում էր մեր առողջապահության նախարարը։ Այսօր մենք ընդգծեցինք, որ հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են և այժմ փաստաթուղթն անցնում է միջգերատեսչական համաձայնեցում։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակում այն կստորագրվի»,-այս մասին ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսին։

Լավրովը նշել էր, որ բիոլոգիական անվտանգության շուրջ կապերը դաշնակիցների հետ շատ կարևոր են։ «Կա կոնվենցիա կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման ու դրա ոչնչացման մասին, սակայն դրանում, ԱՄՆ-ի կտրուկ առարկությունների արդյունքում, չկա վերիֆիկացիայի մեխանիզմ։ Մենք երկար տարիներ փորձում ենք այդպիսի մեխանիզմ ստեղծել, բայց ԱՄՆ-ի գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից ու տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ մակարդակով ստեղծեն իրենց լաբորատորիաները։ Բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որ այս ոլորտում Հայաստանի հետ ունենանք լիակատար թափանցիկություն»,-հավելել էր նա։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել էր, որ կենսաբանական անվտանգությունը Հայաստանի համար շատ կարևոր է և հարցը վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցությանը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։ «Մենք  ավարտում ենք  բանակցային գործընթացը, բայց ընդհանուր առմամբ այս փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա կոնսոլիդացնել մեր հնարավորությունները, պոտենցիալը կենսաբանական անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությամբ, ինչը անում ենք նաև այլ գործընկերների հետ»,-ասել էր Զոհրաբ Մնացականյանը։

 

  • Կիսվել: