հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն:

Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում պարոն Կոնյուկի աշխատանքային փորձառությունը, այդ համատեքստում երկու երկրների դատախազությունների միջեւ ծավալված երկկողմ եւ բազմակողմ գործակցությունը, միջանձնային ջերմ եւ անմիջական հարաբերությունները լուրջ նախադրյալներ են ստեղծում երկու կառույցների միջեւ համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար՝ միտված այն առավել սերտ, թիրախային դարձնելուն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ առկա բազայի եւ իր համար տեսանելի ինստիտուցիոնալ կարիքների հիման վրա խթանելու իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների ռեսուրսներն առավել նպատակային կիրառելուն ուղղված նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությանը, երկու երկրների դատախազությունների միջեւ փորձի փոխանակմանը, դրանից բխող համատեղ ծրագրերին, հնարավոր ուղղություններին եւ մեխանիզմներին վերաբերող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: