կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում համատեղ սերտ փոխգործակցության հեռանկարներին։ Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։ Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։ Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: